Главная » 2011 » Декабрь » 11 » Հակոբ Ավետիսյան. Ջավախքը վայելքների միջոցի է վերածված…
13:03
Հակոբ Ավետիսյան. Ջավախքը վայելքների միջոցի է վերածված…
Գնալով սրացող Ջավախքի խնդրի հիմքում ընկած են պատմական իրադարձությունները: Դրանց շարքում, բնականաբար, ամենակարևոր տեղն են զբաղեցնում 1990-ական թթ. իրադարձությունները: Այդ առթիվ հետաքրքական է լսել այդ ժամանակաշրջանում Ջավախքի քաղաքական թոհուբոհի մեջ գտնված մարդկանց` Ջավախքի խնդրի շուրջ արտահայտած կարծիքները, որոնք, ելնելով վերոնշյալ հանգամանքից, կարելի է համարել ամենաարժանահավատը: Մեր զրուցակիցն է «Ջավախք» կոմիտեի, հետագայում` «Ջավախք» ժողովրդական շարժում» կազմակերպության հիմնադիրներից, հրապարակախոս Հակոբ Ավետիսյանը: Պարոն Ավետիսյան, որպես Ջավախքի 1990-ական թվականների իրադարձությունների բովով անցած Ջավախքի քաղաքական ակտիվիստ, կխնդրեինք ներկայացնեիք այն հիմնական բացթողումները, որոնց պատճառով Ջավախք տարածաշրջանն այսօր կանգնել է ծանրագույն խնդիրների առաջ: Ջավախքի խնդիրը ունի իր նախապատմությունը, իր զարգացման ընթացքն ու փուլերը, որոնց մեջ առանձնահատուկ տեղ են գրավում 1990-ական թվականների հետխորհրդային իրադարձությունները: Մի ժամանակաշրջան, երբ Վրաստանի քաղաքականությունը Ջավախքի հանդեպ դարձավ առավել բացահայտ և վերջինիս հայահալած քաղաքականությունն ընդունեց առավել կատաղի բնույթ: Ներկա` հետզհետե խորացող հիմնախնդիրների մի մասը հենց սկիզբ է առել հետխորհրդային փուլում, թեև վերջինիս սաղմերն արդեն կային խորհրդային շրջանում: ԽՍՀՄ փլուզման և համընդհանուր զարթոնքի պայմաններում գործընթացներ սկսվեցին նաև Ջավախքում. դեռ 1988թ. փետրվարի վերջերին, ղարաբաղյան շարժման պոռթկումից անմիջապես հետո, ձևավորվեց «Ջավախք ժողովրդական շարժումը», որն ուներ բազմապիսի խնդիրների լուծման ծրագրեր, խնդիրներ, որոնք ոչ միայն չեն լուծվել, այլև գնալով ամենասուր ձևերով նպաստում են ներկա Ջավախքի բարոյական, հոգևոր և ֆիզիկական կորստյանը: Նորաստեղծ կազմակերպությունը 1990-ական թթ. սկզբներին ընդունեց համաջավախքյան շարժման բնույթ, հետագայում այն իր մեջ ներառեց Ջավախքում գործող նաև մյուս հասարակական և այլ կազմակերպությունների ևս, որով կատարվեց Ջավախքի բոլոր ուժերի համախմբման փորձ: Որևէ հաջողության չհասնելը կապված էր գործելակերպի շուրջ միասնական հայեցակարգի բացակայությանը (այդպիսի հայեցակարգ գոյություն չունի մինչ օրս` Վ.Ս.), միաժամանակ վերոնշյալը ես պայմանավորում եմ այն հանգամանքով, որ մենք` Ջավախքում գործող կազմակերպությունների ղեկավար-գործիչներս, չգնացինք Ջավախքի անկախացման ճանաարհով: Դա էլ ուներ իր պատճառը: ՀՀ-ն դեռ այն ժամանակ գտնվում էր ծանր, օրհասական պատերազմի թոհուբոհի մեջ: Վտանգված էր համայն հայության հիմնաքարը` հայոց նորածին պետականությունը: Կար Արցախի ազատագրմանը սպառնացող վտանգը: Մենք այն ժամանակ զոհաբերեցինք Ջավախքի հարցի արդարացի լուծումը` հանուն Արցախի ազատագրման և ՀՀ-ի հզորացման: Սխալ էր այդ քայլը, թե ճիշտ, կասի պատմությունը, կասեն սերունդները: Սակայն դա իրականությունն է: Ջավախքում այդ ընթացքում սկիզբ առած պայքարի պարտության ատճառներն արդյոք միայն օբյեկտի՞վ էին: Չկայի՞ն սուբյեկտիվ գործոններ: Անշուշտ կային: Քաղաքական գործընթացների մեջ որոշ մարդիկ այդտեղ էին` հետագայում պաշտոնների անհագ մղումներով, որոշները չունեին տարրական քաղաքական գիտելիքներ և պատրաստվածություն, մի քանիսն էլ, իսպառ զուրկ լինելով ազգային մտածելակերպից, ծառայում էին ոչ թե Ջավախքի շահերին, այլ` հայտնի է ում… Արդյունքում` Ջավախքում այդպես էլ չձևավորվեց պահանջների միասնականություն, միայն որի միջոցով էր հնարավոր հասնելու հաջողության: Ներկայումս տարբեր զլմ-ների կողմից շատ են քննադատվում Ջավախքում պաշտոններ զբաղեցնող հայ գործիչները, որոնցից շատերն այն օրերին ևս գտնվել են քաղաքական գործընթացների մեջ: Դուք, որպես Ջավախքում տեղի ունեցող իրադարձությունների սկբնական շրջանից մինչ օրս մշտական ականատեսն ու մասնակիցը հանդիսացող գործիչ, ինչպե՞ս կորակեիք այս փաստը:Նախ նշեմ, որ ցանկացած զլմ ունի իր քաղաքական պատվերն ու առաջադրված ծրագրերը: Մեր օրերում շատ քիչ են կամ գրեթե գոյություն չունեն անկախ զլմ-ներ: Հետևաբար` «ով տալիս է փողը, նա էլ թելադրում է» արտահայտությունը լիովին կարելի է տարածել այս հանգամանքի վրա: Իրոք, հետևելով Ջավախքի մասին լուսաբանող ներկա զլմ-ների հրապարակած նյութերին, ցավով պետք է նշեմ, որ վերջիններիցս մեծամասնությունը ոչ միայն հեռու են Ջավախքի մասին իրական պատկերի արտացոլումից, այլև` մեծապես նպաստում են տարածաշրջանում արհեստական լարվածության մեծացմանը: Ես չեմ կարող անուններ չտալ. բազմաթիվ հրապարակումների եմ հանդիպել Ջավախքի 1990-ական թթ. քաղաքական ակտիվիստ, ներկայումս` Վրաստանի ՆԳՆ Ախալքալաքի վարչության պետ Սամվել Պետրոսյանի մասին, որտեղ հոդվածագիրները ջանք չեն խնայում բացասական գույներով ներկայացնելու վերջինիս: Ես, որպես չեզոք և Սամվել Պետրոսյանի հետ ճանապարհ անցած գործիչ հստակ հայտարարում եմ, որ իրականում նա այդ կերպարի մեջ չէ, ինչպիսին ներկայացվում է: Ճիշտ է, Ջավախքում և Վրաստանում այսօր մեծ թիվ են կազմում իրական դավաճան հայ «գործիչները», սակայն Ս. Պետրոսյանը բացարձակ հեռու է այդ պիտակից: Վերջինս ունի քաղաքական անցյալ, իր ուժերի կարողությունների չափ ներդրում Արցախի պատերազմում, ինչպես ցանկացած գործիչ` ունի նաև սխալներ, սակայն ակնհայտ է վերջինիս միակողմանի և միմիայն բացասական գծերով ներկայացնող զլմ-ների` ինչ-որ մեկի ձեռքին խաղալիք դարձած լինելու հանգամանքը, որոնց նպատակը ոչ թե Ջավախքին օգտակար բան տալն է, այլ` վերցրած գումարի դիմաց համապատասխան «ծառայություններ» մատուցելը: Իրականում դավաճանությունը հենց փողի դիմաց Ջավախքի հարցի խեղաթյուրումն ու ընդհանրապես` Ջավախքը սեփական «կարիքներին» ու անձնական հարցերին ծառայեցնելն է, որն անխնա իրականացնում են այդ զլմ-ները: Իրականում մեր զլմ-ների խնդիրը պետք է լինի մեր պառակտված ուժերի միավորումը Ջավախքում և նրանից դուրս, ոչ թե տարանջատումը: Իսկ ո՞րն է այս ամենի պատճառն ու նպատակը: Պատճառը ինչ-որ տեղից ստացված փողն է, նպատակը` արհեստական և Ջավախքին ոչ մի դրական բան չխոստացող լարվածություն հաղորդել գործընթացներին: Օրինակ` ոստիկանապետին հանել Ջավախքի լրագրողների և առանձին կազմակերպությունների դեմ և հակառակը, այս ամենի արդյունքում` հնարավորություն ընձեռել Թիֆլիսին` ավելի հաճախակի «ներկայանալ» Ջավախք և առավել խորությամբ միջամտել Ջավախքում տեղի ունեցող իրադարձություններին և այլն: Ջավախքի ուղղությամբ իրականացվող գործողությունների հստակ հայեցակարգի և մշակված համալիր ծրագրերի բացակայությունների պայմաններում այսպիսի մանր պրովոկացիաները կարելի է համարել իրոք դավաճանական գործողություններ: Այսօր Ջավախքին պետք են ոչ թե երևանյան կամ այլ քաղաքների գրասենյակային պրովոկացիաներ, այլ հստակ գործ: Այդ իմաստով ես, որպես նաև մտավորական, շնորհակալ եմ Ձեր կենտրոնի կատարած աշխատանքներից: Ուզում եմ նաև հատուկ շեշտել այս գործում մեծ հայրենասեր-մտավորականներ Աշոտ Մելքոնյանի և Սամվել Կարապետյանի անունները: Այդպես պետք է աշխատել ու օգտակար լինել Ջավախքին: Ժողովուրդը շատ շուտ է հասկանում և գնահատում դավաճանին էլ, հերոսին էլ: Աշոտ Մելքոնյանը սերունդների սեփականությունը դարձրեց Ջավախքի անցյալի իրական պատմությունը, Սամվել Կարապետյանը` Ջավախքի հայկական մշակութային ժառանգությունը (քանի որ խոսքը գնաց Սամվել Պետրոսյանի մասին, միջանկյալ ուզում եմ նշել, որ Սամվել Կարապետյանի` Ջավախքում կատարած դաշտային աշխատանքներին թե նյութապես, թե անձամբ` մեծապես օգնել է նաև հենց նա), Ձեր կենտրոնը շարունակում է այդ գործը` հրատարակված գրքերով օբյեկտիվ կերպով լուսաբանելով Ջավախքի հետխորհրդային ու ներկա քաղաքական իրադարձությունները: Ջավախքի հայրենասեր և հայ մշակույթով ապրող ժողովրդին այսօր իրական ծրագրեր ու ոգեկոչող գրքեր են հարկավոր, ոչ թե ծախված ԶԼՄ-ներ: Փաստորեն` Ջավախքի հայ պաշտոնյաների հասցեին ներկայացվող տեղեկատվությունները չե՞ն համապատասխանում իրականությանը: Վերջիններս ծառայում են հայությա՞նը: Գիտեք` բացի ուսուցիչներից ու թոշակառուներից, մնացյալ բոլոր քաղաքացիները կամ պաշտոնյաները, որոնք վարձատրվում են լարիով, այսպես թե այնպես ծառայում են Վրաստան պետությանը: Դա օրինաչափ է, և այստեղ զարմանալու ոչ մի բան չկա` հատկապես ներկա Վրաստանի համակարգի մեջ, երբ ամենավերին պաշտոնյայից մինչ գյուղի հասարակ մենեջերը նշանակվում է անվտանգության ծառայությունների «դաբրոն» ստանալուց հետո: Խնդիրը ծառայելու ձևի և չափի մեջ է: Ջավախքում կան, իհարկե, քաղաքական անցյալ չունեցող «անձև» ու «անչափ» ծառայողներ` անգամ ամենաառաջին դեմքերի շրջանակներում: Սակայն վերջիններիս անունները հազվադեպ են շրջանառվում: Պատճառը պարզ է. վերջիններիս հարվածելով` այնքան էլ արձագանքներ կամ արհեստական լարվածություն չի առաջանա, ինչը չի կարելի ասել ուժային կառույցների ղեկավարների մասին: Հետևաբար` անխնա շրջանառվում է Սամվել Պետրոսյանի անունը: Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, նա ունի շատ սխալներ, ես դրանք ասել եմ անձամբ իրեն և նա ընդունել է, միաժամանակ ավելացնում եմ, որ Սամվել Պետրոսյանը եղել է Ջավախքի նվիրյալ գործիչներից: Որն է պատճառը, որ այսօր այդպիսիք քիչ են կամ չկան Ջավախքի հասարակական կամ քաղաքական դաշտում: Այստեղ իր մեղքի մեծ բաժինն ունի ՀՀ-ն: Չզգալով իրենց թիկունքին մայր հայրենիքի զորակցությունը` Ջավախքի շատ պաշտոնյաներ ստիպված ընկնում են Վրաստանի գիրկն ու ծառայում վերջինիս: Այս իմաստով Ջավախքի շատուշատ գործիչներ, կարելի է ասել, ունեն «գերու» կարգավիճակ: Հավատացնում եմ Ձեզ` վերջիններս կգործեին բացարձակ այլ կերպ, քան գործում են հիմա, եթե լիներ ՀՀ-ի համակարգված օժանդակությունը: Այնուամենայնիվ` չպետք է նսեմացնել Ջավախքում այսօր ներկայացված ակտիվ մարդկանց գործունեությունը: Վերջիններս այդքանին են ի վիճակի: Ես մի բան եմ ուզում հստակեցնել. Վրաստանն այսօր ավելի շատ է վախենում այդպիսի թույլ, չպատրաստված կամ` շատ դեպքերում անիրավացիորեն «դավաճանի» կամ «ապազգայինի» պիտակ կպցված, բայց` Ջավախքում գործող մարդկանցից, քան` երևանյան «եվրո» գրասենյակների կամ հրապարակների այսպես կոչված «հերոսներից», որոնք ջանք չեն խնայում Ջավախքի հարցի անտեղի շահարկումներից քաղելու առավելագույն նյութական օգուտներ և հերոսանալու ժողովրդի աչքին: Վերջիններս աթոռի համար վաճառում են անգամ իրենց պապերի գերեզմանները Ջավախքում… Պարոն Ավետիսյան, Դուք ժամանակին նաև գրել եք բանաստեղծություններ: Ջավախքի քաղաքական և գրական ասպարեզում դրսևորված մարդու համար ի՞նչ է Ջավախքը: Մեկ բառով կբնորոշեի. Սրբազան Հայրենիք… Այդ խորհրդավոր երկրի անունն անգամ լսելիս ես ուրիշ խորհուրդ եմ զգում: Անհնար է այս հարցին խոսքերով պատասխանել… Ջավախքը զգալ ու ապրել է պետք, թեև մեր օրերում շատերն այն վերածել են վայելքների միջոցի…